ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Ընդհանուր դրույթներ
Սույն փաստաթուղթը սահմանում է «Վանաձորի Մ․ Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի 2027-2028 ուսումնական տարվա ընդունելության քննությունների հիմնական պայմանները, դիմորդներին ներկայացվող պահանջները և քննական հանձնաժողովի կողմից գնահատման չափանիշները:
Ընդունելությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, համապատասխան իրավական ակտերով և քոլեջի ընդունելության կարգով սահմանված պահանջներին համապատասխան:
Ընդունելության քննություններն անցկացվում են ըստ ընտրված մասնագիտության՝ հաշվի առնելով տվյալ մասնագիտության առանձնահատկությունները, մասնագիտական պատրաստվածության մակարդակը և անհրաժեշտ կատարողական կարողությունները և հմտությունները:
Պայմանները հրապարակվում են մասնագիտությունների և գործող մասնագիտացումների համար՝ առանձին ներկայացնելով յուրաքանչյուր քննության առաջադրանքը, ձևը, տևողությունը, անհրաժեշտ նյութերը և գնահատման չափանիշները։
Յուրաքանչյուր մասնագիտական քննության արդյունքը գնահատվում է 20 միավորանոց համակարգով՝ տվյալ քննության համար սահմանված գնահատման չափանիշների համաձայն։ Դրական գնահատականի նվազագույն շեմը 8 միավոր է:
Քննական հանձնաժողովը գնահատումն իրականացնում է սահմանված չափանիշների հիման վրա՝ ապահովելով դիմորդների նկատմամբ հավասար և անաչառ վերաբերմունք:
Յուրաքանչյուր ընդունելության քննության արդյունքը գնահատվում և արձանագրվում է առանձին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընդունելության կարգին համապատասխան։
Ընդունելության քննությունների վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է քոլեջի պաշտոնական ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում:
Քննական առաջադրանքները կազմվում են՝ հաշվի առնելով դիմորդների նախնական կրթության մակարդակը, տարիքային առանձնահատկությունները և տվյալ մասնագիտության համար անհրաժեշտ գիտելիքներն ու գործնական հմտությունները։
Քննությունների ցանկ
- «Գծանկար»
- «Գունանկար»
- «Կոմպոզիցիա»
Գեղանկարչության ընդունելությունն իրականացվում է երեք առանձին գործնական քննությամբ՝ «Գծանկար», «Գունանկար», «Կոմպոզիցիա»։ Յուրաքանչյուր աշխատանք գնահատվում է առանձին՝ 20 միավորանոց համակարգով։
Գծանկար
Նպատակ․ ստուգել առարկաների կառուցման, համամասնությունների և լուսաստվերի ընկալումը։
Առաջադրանք
2–4 պարզ երկրաչափական մարմիններից կամ կենցաղային առարկաներից կազմված նատյուրմորտ՝ բնօրինակից։ Մատիտ, ռետին, սրիչ, A2 թուղթ։
Գնահատման բաղադրիչներ․
- Առաջադրանքի կոմպոզիցիոն կառուցվածքի բացահայտում և թղթի մեջ համոզիչ տեղադրում, թղթի դիրքի ճիշտ ընտրություն՝ 5 միավոր։
- Առարկաների համամասնական չափադրում և կառուցում՝ տարածության մեջ՝ 5 միավոր։
- Հեռանկարի արտահայտումը գծանկարի մեջ՝ 5 միավոր։
- Առարկաների նյութականության ստացումը՝ լուսաստվերի և ծավալի միջոցով՝ 3 միավոր։
- Աշխատանքի կատարման գրաֆիկական կուլտուրա՝ 2 միավոր։
Ընդամենը՝ 20 միավոր։
Կազմակերպչական պայմաններ․ տևողությունը՝ 2-3 օր, մինչև 540 րոպե։ Նատյուրմորտը տրամադրվում է քոլեջի կողմից, A2 թուղթը, մատիտները, սրիչը և ռետինը՝ դիմորդի կողմից։
Գունանկար
Նպատակ․ ստուգել գունային և տոնային հարաբերությունների ընկալումը։
Առաջադրանք
2–4 առարկայից կազմված նատյուրմորտ՝ ջրաներկով, A2 թղթի վրա։
Գնահատման բաղադրիչներ․
- Առաջադրանքի կոմպոզիցիոն կառուցվածքի բացահայտում և թղթի մեջ համոզիչ տեղադրում, թղթի դիրքի ճիշտ ընտրություն՝ 5 միավոր։
- Առարկաների համամասնական չափադրում և կառուցում՝ տարածության մեջ՝ 5 միավոր։
- Հեռանկար, կոլորիտ՝ 5 միավոր։
- Լույս-ստվեր նյութականություն՝ 3 միավոր։
- Ջրաներկի տեխնիկա՝ 2 միավոր։
Ընդամենը՝ 20 միավոր։
Կազմակերպչական պայմաններ․ տևողությունը՝ 2 օր, մինչև 360 րոպե։ Նատյուրմորտը տրամադրվում է քոլեջի կողմից։ Դիմորդը բերում է A2 ջրաներկի թուղթ, մատիտ, ռետին, սրիչ, ջրաներկ, փորձաթուղթ (պալիտրա), վրձիններ և ջրաման։
Կոմպոզիցիա
Նպատակ․ ստուգել թեման պատկերավոր լուծելու ստեղծագործական ունակությունը։
Առաջադրանք
Թեմատիկ հորինվածք՝ «Սպորտ», «Կենցաղ», «Հեքիաթ» թեմաներից մեկով՝ վիճակահանությամբ։ Նախապատրաստել 1–2 էսքիզ (մինչև 15 րոպե), ապա վերջնական աշխատանք՝ A2 թղթի վրա՝ գուաշով։
Գնահատման բաղադրիչներ․
- Թեմայի բացահայտում՝ 5 միավոր։
- Կոմպոզիցիոն կառուցվածք՝ 5 միավոր։
- Գունային/գրաֆիկական լուծում՝ 2 միավոր։
- Ստեղծագործական ինքնուրույնություն՝ 5 միավոր։
- Տարածական պատկերացում և համաչափությունների պահպանում՝ 3 միավոր։
Ընդամենը՝ 20 միավոր։
Կազմակերպչական պայմաններ․ տևողությունը՝ 2 օր, մինչև 450 րոպե ։ Դիմորդը բերում է A2 թուղթ, գուաշ, մատիտ, սրիչ, ռետին, վրձին, փորձաթուղթ (պալիտրա), ջրաման։ Էսքիզներն ու վերջնական աշխատանքը գնահատվում են միասին՝ տվյալ քննության 20 միավորի շրջանակում։
Կազմակերպչական և հրապարակման պայմաններ
Քննության յուրաքանչյուր տեսակի առաջադրանքները, գնահատման չափանիշները և առավելագույն միավորները հրապարակվում են նույն փաստաթղթով։ Գործիքների ցանկը համապատասխանում է տվյալ տարվա ընդունելության հայտարարությանը։
Յուրաքանչյուր քննության արդյունքը արձանագրվում է առանձին՝ 20 միավորանոց համակարգով։ Քննությունների գնահատականների հաշվարկն ու մրցութային կիրառումը կատարվում են գործող ընդունելության կարգով։
«Սոլֆեջո՝ I և II մակարդակ» քննությունների առաջադրանքները կազմվում են սույն փաստաթղթում նշված սահմաններում։
Գործիքային ծրագրերի ընտրությունը, անգիր կատարումը և նվագակցության պայմանները որոշվում են համապատասխան մասնագիտացման հրապարակված պահանջներով։
Գեղանկարչության քննությունների ցուցադրվող առարկաները տրամադրվում են քոլեջի կողմից, իսկ նկարչական նյութերը՝ դիմորդի կողմից՝ սույն փաստաթղթով սահմանված կարգով։
Պարային քննությունների ժամանակ պարտադիր է քննությանը ներկայանալ մեկ ժամ շուտ՝ պարային համազգեստով, մասիկներով, վարսերը՝ հավաքած,առանց զարդերի։
Քննությունների անցկացման օրերը, ժամերը, լսարանները, անձը հաստատող փաստաթղթերի և բողոքարկման ընթացակարգը հրապարակվում են ընդունելության առանձին հայտարարությամբ՝ գործող կարգին համապատասխան։
Սույն պայմանները հաստատվում են քոլեջի սահմանված ընթացակարգով և հրապարակվում պաշտոնական կայքում՝ ընդունելության համապատասխան ուսումնական տարվանից ոչ ուշ, քան մեկ տարի առաջ։