Ընդունելություն · 2027–2028

0114.04.5 Պարի ուսուցում

Այստեղ ներկայացված են մասնագիտության ընդունելության քննությունները, առաջադրանքները, գնահատման չափանիշները և կազմակերպչական պայմանները։

Առավելագույն գնահատականը՝ յուրաքանչյուր քննության համար

20 միավոր

Դրական գնահատականի նվազագույն շեմը

8 միավոր

Քննությունների ծրագիր

Առաջադրանքներ և գնահատման չափանիշներ

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Ընդհանուր դրույթներ

Սույն փաստաթուղթը սահմանում է «Վանաձորի Մ․ Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի 2027-2028 ուսումնական տարվա ընդունելության քննությունների հիմնական պայմանները, դիմորդներին ներկայացվող պահանջները և քննական հանձնաժողովի կողմից գնահատման չափանիշները:

Ընդունելությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, համապատասխան իրավական ակտերով և քոլեջի ընդունելության կարգով սահմանված պահանջներին համապատասխան:

Ընդունելության քննություններն անցկացվում են ըստ ընտրված մասնագիտության՝ հաշվի առնելով տվյալ մասնագիտության առանձնահատկությունները, մասնագիտական պատրաստվածության մակարդակը և անհրաժեշտ կատարողական կարողությունները և հմտությունները:

Պայմանները հրապարակվում են մասնագիտությունների և գործող մասնագիտացումների համար՝ առանձին ներկայացնելով յուրաքանչյուր քննության առաջադրանքը, ձևը, տևողությունը, անհրաժեշտ նյութերը և գնահատման չափանիշները։

Յուրաքանչյուր մասնագիտական քննության արդյունքը գնահատվում է 20 միավորանոց համակարգով՝ տվյալ քննության համար սահմանված գնահատման չափանիշների համաձայն։ Դրական գնահատականի նվազագույն շեմը 8 միավոր է:

Քննական հանձնաժողովը գնահատումն իրականացնում է սահմանված չափանիշների հիման վրա՝ ապահովելով դիմորդների նկատմամբ հավասար և անաչառ վերաբերմունք:

Յուրաքանչյուր ընդունելության քննության արդյունքը գնահատվում և արձանագրվում է առանձին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընդունելության կարգին համապատասխան։

Ընդունելության քննությունների վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է քոլեջի պաշտոնական ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում:

Քննական առաջադրանքները կազմվում են՝ հաշվի առնելով դիմորդների նախնական կրթության մակարդակը, տարիքային առանձնահատկությունները և տվյալ մասնագիտության համար անհրաժեշտ գիտելիքներն ու գործնական հմտությունները։

Պարային ծրագրի կատարում՝ ըստ ուղղվածության (էտյուդ, իմպրովիզացիա)

Նպատակ․ գնահատել պարային տեխնիկան, ֆիզիկական տվյալները, արտաքին տեսքն ու երաժշտականությունը։

Դասական պար

Դիմորդը պետք է ներկայացնի դասական պարի հիմնական վարժությունների համալիրը (էքզերսիս)՝ պահպանելով դրանց կատարման սահմանված հաջորդականությունը։

Քննական առաջադրանքը ներառում է՝

  • Դասական պարի հիմնական դիրքերի և վարժությունների ցուցադրում՝ համապատասխան հերթականությամբ։
  • Ձեռքերի, ոտքերի և իրանի ճիշտ դիրքերի պահպանում, շարժումների տեխնիկապես գրագետ կատարում։
  • Դասական պարի վարժությունների ցուցադրում և դրանց կատարման տեխնիկայի բանավոր մեկնաբանում։
  • Դասարանի կենտրոնում դասական պարի հիմնական շարժումների, ցատկերի և թռիչքների կատարում։
  • Շարժումների համակարգվածության, հավասարակշռության, ճկունության և կոորդինացիայի ցուցադրում։
  • Վարժությունների կատարում՝ երաժշտական ռիթմին և տեմպին համապատասխան։

Գնահատման ընթացքում հաշվի են առնվում դիմորդի տեխնիկական պատրաստվածությունը, մարմնի ճիշտ դիրքավորումը, շարժումների հստակությունն ու սահունությունը, երաժշտականությունը, ինչպես նաև դասական պարի հիմնական սկզբունքների իմացությունը։

Հայկական և ժողբնորոշ պար

Դիմորդը պետք է ցուցադրի հայկական ազգային պարարվեստի հիմնական տարրերի իմացությունն ու կատարողական հմտությունները՝ պահպանելով հայկական պարերին բնորոշ շարժումների ոճական, ռիթմական և արտահայտչական առանձնահատկությունները։

Քննական առաջադրանքը ներառում է՝

  • Հայկական պարերին բնորոշ ձեռքերի և ոտքերի հիմնական դիրքերի ցուցադրում։
  • Հայկական ազգային պարերում կիրառվող ձեռքերի բռնելաձևերի ներկայացում և դրանց ճիշտ կատարման ցուցադրում։
  • Հայկական պարարվեստին հատուկ հիմնական պարաքայլերի, շարժումների և պարային համակցությունների կատարում։
  • Կանացի և տղամարդկանց հայկական պարերին բնորոշ շարժումների առանձնահատկությունների ցուցադրում՝ պահպանելով համապատասխան ոճն ու կատարողական բնույթը։
  • Պարային շարժումների ընթացքում մարմնի, ձեռքերի և ոտքերի դիրքերի ճիշտ պահպանում և դրանց ներդաշնակ համադրում։
  • Պարային շարժումների կատարում՝ երաժշտական ռիթմին, տեմպին և ազգային պարարվեստի բնույթին համապատասխան։
  • Հայկական պարային շարժումների կատարման տեխնիկայի և դրանց առանձնահատկությունների բանավոր մեկնաբանում։

Գնահատման չափանիշները

Քննական հանձնաժողովը գնահատում է դիմորդի՝ հայկական ազգային պարարվեստի հիմնական տարրերին տիրապետելու մակարդակը, շարժումների կատարման հստակությունն ու ճշգրտությունը, պարային տեխնիկան, ազգային ոճի պահպանումը, երաժշտական լսողությունն ու ռիթմի զգացողությունը։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում աղջիկների պարային շարժումների նրբագեղությանը, սահունությանն ու պլաստիկությանը, իսկ տղաների դեպքում՝ շարժումների առնականությանը, ուժգնությանը, թափին և արտահայտչականությանը։

Երաժշտառիթմական առաջադրանք

Իմպրովիզացիա․ Դիմորդը պետք է տեղում հնչող, նախապես իրեն անծանոթ երաժշտության ներքո կատարի ազատ պարային իմպրովիզացիա՝ ցուցադրելով երաժշտության ռիթմը, տեմպը և բնույթը զգալու, շարժումները երաժշտությանը համապատասխանեցնելու, ինքնուրույն պարային համադրություններ ստեղծելու, ինչպես նաև ստեղծագործական մտածողության, շարժումների կոորդինացիայի և արտահայտչականության կարողությունները։

Կատարողական առաջադրանք

Դիմորդը պետք է ներկայացնի իր նախընտրած երաժշտությամբ՝ 2-3 րոպե տևողությամբ հայկական (կամ այլ ոճի՝ ըստ դիմորդի ցանկության) պարային համար: Ընտրված երաժշտությունը դիմորդը պետք է ուղարկի քոլեջի պաշտոնական էլեկտրոնային փոստին՝ [email protected] ՝ mp3 տարբերակով։

Քոլեջն ապահովում է նվագակցողի մասնակցությունը: Դիմորդի ցանկությամբ պարային համարը կարող է կատարվել նաև կենդանի նվագակցությամբ:

Ներկայացվող պարային համարները պետք է համապատասխանեն հայկական ազգային պարարվեստի առանձնահատկություններին՝ տղաների պարերում ընդգրկելով տղամարդկանց, իսկ աղջիկների պարերում՝ կանանց պարերին բնորոշ շարժումներն ու արտահայտչամիջոցները։

Քննական հանձնաժողովի կողմից դիմորդի պարային կարողությունների գնահատումն իրականացվում է՝ հաշվի առնելով հետևյալ չափանիշները․

  • պարային շարժումների կատարման հստակությունն ու ճշգրտությունը,
  • պարային տեխնիկայի տիրապետման մակարդակն ու կատարողական հմտությունները,
  • շարժումների որակն ու արտահայտչականությունը,
  • աղջիկների պարային կատարման դեպքում՝ շարժումների նրբագեղությունը, սահունությունն ու պլաստիկությունը,
  • տղաների պարային կատարման դեպքում՝ շարժումների առնականությունը, ուժգնությունն ու թափը,
  • երաժշտական լսողությունը, ռիթմի զգացողությունն ու շարժումների համապատասխանությունը երաժշտությանը։

Եթե հանձնաժողովը գտնում է, որ ներկայացված պարային համարում՝ ներառված չեն պահանջվող պարային շարժումները, կարող է դիմորդին առաջարկել լրացուցիչ կատարել համապատասխան շարժումներ կամ վարժություններ:

Գնահատման բաղադրիչներ․ դասական պարի իմացություն՝ 5, բեմադրված պարային համար՝ 5, արտաքին տեսք և արտիստականություն՝ 5, ռիթմ և երաժշտականություն՝ 5 միավոր։ Ընդամենը՝ 20 միավոր։

Կազմակերպչական պայմաններ․ տևողությունը՝ մինչև 20 րոպե։ Հագուստ՝ պարային համազգեստ, մասիկներ, վարսերը՝ հավաքած։

Կազմակերպչական և հրապարակման պայմաններ

Քննության յուրաքանչյուր տեսակի առաջադրանքները, գնահատման չափանիշները և առավելագույն միավորները հրապարակվում են նույն փաստաթղթով։ Գործիքների ցանկը համապատասխանում է տվյալ տարվա ընդունելության հայտարարությանը։

Յուրաքանչյուր քննության արդյունքը արձանագրվում է առանձին՝ 20 միավորանոց համակարգով։ Քննությունների գնահատականների հաշվարկն ու մրցութային կիրառումը կատարվում են գործող ընդունելության կարգով։

«Սոլֆեջո՝ I և II մակարդակ» քննությունների առաջադրանքները կազմվում են սույն փաստաթղթում նշված սահմաններում։

Գործիքային ծրագրերի ընտրությունը, անգիր կատարումը և նվագակցության պայմանները որոշվում են համապատասխան մասնագիտացման հրապարակված պահանջներով։

Գեղանկարչության քննությունների ցուցադրվող առարկաները տրամադրվում են քոլեջի կողմից, իսկ նկարչական նյութերը՝ դիմորդի կողմից՝ սույն փաստաթղթով սահմանված կարգով։

Պարային քննությունների ժամանակ պարտադիր է քննությանը ներկայանալ մեկ ժամ շուտ՝ պարային համազգեստով, մասիկներով, վարսերը՝ հավաքած,առանց զարդերի։

Քննությունների անցկացման օրերը, ժամերը, լսարանները, անձը հաստատող փաստաթղթերի և բողոքարկման ընթացակարգը հրապարակվում են ընդունելության առանձին հայտարարությամբ՝ գործող կարգին համապատասխան։

Սույն պայմանները հաստատվում են քոլեջի սահմանված ընթացակարգով և հրապարակվում պաշտոնական կայքում՝ ընդունելության համապատասխան ուսումնական տարվանից ոչ ուշ, քան մեկ տարի առաջ։

Քննությունների անցկացման օրերը, ժամերը, լսարանները, անձը հաստատող փաստաթղթերի և բողոքարկման ընթացակարգը հրապարակվում են ընդունելության առանձին հայտարարությամբ՝ գործող կարգին համապատասխան։