Ընդունելություն · 2027–2028

0215.01.5 Երգեցողություն

Այստեղ ներկայացված են մասնագիտության ընդունելության քննությունները, առաջադրանքները, գնահատման չափանիշները և կազմակերպչական պայմանները։

Առավելագույն գնահատականը՝ յուրաքանչյուր քննության համար

20 միավոր

Դրական գնահատականի նվազագույն շեմը

8 միավոր

Քննությունների ծրագիր

Առաջադրանքներ և գնահատման չափանիշներ

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Ընդհանուր դրույթներ

Սույն փաստաթուղթը սահմանում է «Վանաձորի Մ․ Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի 2027-2028 ուսումնական տարվա ընդունելության քննությունների հիմնական պայմանները, դիմորդներին ներկայացվող պահանջները և քննական հանձնաժողովի կողմից գնահատման չափանիշները:

Ընդունելությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, համապատասխան իրավական ակտերով և քոլեջի ընդունելության կարգով սահմանված պահանջներին համապատասխան:

Ընդունելության քննություններն անցկացվում են ըստ ընտրված մասնագիտության՝ հաշվի առնելով տվյալ մասնագիտության առանձնահատկությունները, մասնագիտական պատրաստվածության մակարդակը և անհրաժեշտ կատարողական կարողությունները և հմտությունները:

Պայմանները հրապարակվում են մասնագիտությունների և գործող մասնագիտացումների համար՝ առանձին ներկայացնելով յուրաքանչյուր քննության առաջադրանքը, ձևը, տևողությունը, անհրաժեշտ նյութերը և գնահատման չափանիշները։

Յուրաքանչյուր մասնագիտական քննության արդյունքը գնահատվում է 20 միավորանոց համակարգով՝ տվյալ քննության համար սահմանված գնահատման չափանիշների համաձայն։ Դրական գնահատականի նվազագույն շեմը 8 միավոր է:

Քննական հանձնաժողովը գնահատումն իրականացնում է սահմանված չափանիշների հիման վրա՝ ապահովելով դիմորդների նկատմամբ հավասար և անաչառ վերաբերմունք:

Յուրաքանչյուր ընդունելության քննության արդյունքը գնահատվում և արձանագրվում է առանձին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընդունելության կարգին համապատասխան։

Ընդունելության քննությունների վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է քոլեջի պաշտոնական ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում:

Քննական առաջադրանքները կազմվում են՝ հաշվի առնելով դիմորդների նախնական կրթության մակարդակը, տարիքային առանձնահատկությունները և տվյալ մասնագիտության համար անհրաժեշտ գիտելիքներն ու գործնական հմտությունները։

Քննությունների ցանկ

  1. «Որակավորման ուղղվածությամբ ծրագրի կատարում»
  2. «Սոլֆեջո՝ I մակարդակ»

Որակավորման ուղղվածությամբ ծրագրի կատարում

Նպատակ․ բացահայտել բնական ձայնային տվյալները, ինտոնացիան, շնչառությունը և արտահայտչականությունը և առոգանությունը։

Ակադեմիական երգեցողություն

Երկու տարաբնույթ ստեղծագործություն՝ մեկ հայկական երգ (ժողովրդական կամ հեղինակային) և մեկ դիմորդի ձայնային հնարավորություններին համապատասխան երգ, ռոմանս կամ պարզ վոկալ ստեղծագործություն։ Կատարումը՝ անգիր։

Ձայնային ստուգում

Կարճ վոկալ վարժություններ՝ ձայնածավալը, ռեգիստրային անցումները և ինտոնացիան գնահատելու համար։

Գնահատման բաղադրիչներ․ ձայնային տվյալներ և հնչյուն՝ 6, ինտոնացիա՝ 5, շնչառություն և արտաբերում՝ 4, արտահայտչականություն և առոգանություն՝ 5 միավոր։ Ընդամենը՝ 20 միավոր։

Կազմակերպչական պայմաններ․ մասնագիտական քննություն՝ մինչև 20 րոպե։ Նվագակցությունը համաձայնեցվում է նախապես։ Երկրորդ՝ առանձին քննությունը «Սոլֆեջո՝ I մակարդակ» է։

Սոլֆեջո՝ I մակարդակ

Նպատակ․ ստուգել հիմնական լսողական և ռիթմական կարողությունները։

Գրավոր մաս

Միաձայն երաժշտական թելադրություն՝ 8 տակտ, 2/4 կամ 3/4 չափ, մաժոր կամ մինոր՝ մինչև բանալու 1 նշան։ Մեղեդին հնչեցվում է 10-12 անգամ։ Թելադրությունը պետք է ներառի պարզ, ռիթմիկ պատկերներ։

Բանավոր մաս

Տեսական գիտելիքների ստուգում․

  • նոտագրություն, նշաններ, հնչյունների տառային և վանկային անուններ, օկտավաների անվանումներ, բանալիներ (սոլ, ֆա),
  • տևողություններ, պաուզաներ, երաժշտության համակարգ, հնչյունաշար, ալտերացիայի նշաններ, տոներ, կիսատոներ, լադ (մաժոր, մինոր՝ բնական, հարմոնիկ, մեղեդային), տոնայնություն, գամմա,
  • պարզ ինտերվալներ և շրջվածքներ, կառուցել ինտերվալներ,
  • թերթից երգեցողություն (8 տակտ՝ մինև բանալու 1 նշան ունեցող տոնայնությունում՝ պարզ ռիթմիկ պատկերով),
  • ակորդ՝ եռահնչյունը և նրա տեսակները, լադր գլխավոր աստիճանների եռահնչյունները՝ շրջվածքներով։

Գնահատման բաղադրիչներ․ երաժշտական թելադրություն՝ 6, ընթերցում թերթից՝ 5, լսողական ճանաչում՝ 5, տեսական գիտելիքներ՝ 4 միավոր։ Ընդամենը՝ 20 միավոր։

Քննության ձևը՝ գրավոր (երաժշտական թելադրություն) և բանավոր։ Ընդհանուր տևողությունը՝ մինչև 30 րոպե։ Գրավոր և բանավոր բաղադրիչները կազմում են մեկ՝ 20 միավորանոց «Սոլֆեջո՝ I մակարդակ» քննություն։

Կազմակերպչական և հրապարակման պայմաններ

Քննության յուրաքանչյուր տեսակի առաջադրանքները, գնահատման չափանիշները և առավելագույն միավորները հրապարակվում են նույն փաստաթղթով։ Գործիքների ցանկը համապատասխանում է տվյալ տարվա ընդունելության հայտարարությանը։

Յուրաքանչյուր քննության արդյունքը արձանագրվում է առանձին՝ 20 միավորանոց համակարգով։ Քննությունների գնահատականների հաշվարկն ու մրցութային կիրառումը կատարվում են գործող ընդունելության կարգով։

«Սոլֆեջո՝ I և II մակարդակ» քննությունների առաջադրանքները կազմվում են սույն փաստաթղթում նշված սահմաններում։

Գործիքային ծրագրերի ընտրությունը, անգիր կատարումը և նվագակցության պայմանները որոշվում են համապատասխան մասնագիտացման հրապարակված պահանջներով։

Գեղանկարչության քննությունների ցուցադրվող առարկաները տրամադրվում են քոլեջի կողմից, իսկ նկարչական նյութերը՝ դիմորդի կողմից՝ սույն փաստաթղթով սահմանված կարգով։

Պարային քննությունների ժամանակ պարտադիր է քննությանը ներկայանալ մեկ ժամ շուտ՝ պարային համազգեստով, մասիկներով, վարսերը՝ հավաքած,առանց զարդերի։

Քննությունների անցկացման օրերը, ժամերը, լսարանները, անձը հաստատող փաստաթղթերի և բողոքարկման ընթացակարգը հրապարակվում են ընդունելության առանձին հայտարարությամբ՝ գործող կարգին համապատասխան։

Սույն պայմանները հաստատվում են քոլեջի սահմանված ընթացակարգով և հրապարակվում պաշտոնական կայքում՝ ընդունելության համապատասխան ուսումնական տարվանից ոչ ուշ, քան մեկ տարի առաջ։

Քննությունների անցկացման օրերը, ժամերը, լսարանները, անձը հաստատող փաստաթղթերի և բողոքարկման ընթացակարգը հրապարակվում են ընդունելության առանձին հայտարարությամբ՝ գործող կարգին համապատասխան։