ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Ընդհանուր դրույթներ
Սույն փաստաթուղթը սահմանում է «Վանաձորի Մ․ Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի 2027-2028 ուսումնական տարվա ընդունելության քննությունների հիմնական պայմանները, դիմորդներին ներկայացվող պահանջները և քննական հանձնաժողովի կողմից գնահատման չափանիշները:
Ընդունելությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, համապատասխան իրավական ակտերով և քոլեջի ընդունելության կարգով սահմանված պահանջներին համապատասխան:
Ընդունելության քննություններն անցկացվում են ըստ ընտրված մասնագիտության՝ հաշվի առնելով տվյալ մասնագիտության առանձնահատկությունները, մասնագիտական պատրաստվածության մակարդակը և անհրաժեշտ կատարողական կարողությունները և հմտությունները:
Պայմանները հրապարակվում են մասնագիտությունների և գործող մասնագիտացումների համար՝ առանձին ներկայացնելով յուրաքանչյուր քննության առաջադրանքը, ձևը, տևողությունը, անհրաժեշտ նյութերը և գնահատման չափանիշները։
Յուրաքանչյուր մասնագիտական քննության արդյունքը գնահատվում է 20 միավորանոց համակարգով՝ տվյալ քննության համար սահմանված գնահատման չափանիշների համաձայն։ Դրական գնահատականի նվազագույն շեմը 8 միավոր է:
Քննական հանձնաժողովը գնահատումն իրականացնում է սահմանված չափանիշների հիման վրա՝ ապահովելով դիմորդների նկատմամբ հավասար և անաչառ վերաբերմունք:
Յուրաքանչյուր ընդունելության քննության արդյունքը գնահատվում և արձանագրվում է առանձին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընդունելության կարգին համապատասխան։
Ընդունելության քննությունների վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է քոլեջի պաշտոնական ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում:
Քննական առաջադրանքները կազմվում են՝ հաշվի առնելով դիմորդների նախնական կրթության մակարդակը, տարիքային առանձնահատկությունները և տվյալ մասնագիտության համար անհրաժեշտ գիտելիքներն ու գործնական հմտությունները։
Քննությունների ցանկ
- «Գործիքային ծրագրի կատարում»
- «Սոլֆեջո՝ II մակարդակ»
Գործիքային բոլոր մասնագիտացումների դիմորդները հանձնում են երկու առանձին քննություն՝ «Գործիքային ծրագրի կատարում» և «Սոլֆեջո՝ II մակարդակ»։ Գործիքային ծրագիրը տարբերակվում է ըստ գործիքի՝ դաշնամուր, լարային, փողային և հարվածային, ժողովրդական գործիքներ։ Յուրաքանչյուր քննության արդյունքը գնահատվում է առանձին։ Գործիքային ծրագրի կատարման տևողությունը՝ մինչև 20 րոպե։
Գործիքային ծրագրի կատարում
Դաշնամուր
Նպատակ․ ստուգել տեխնիկական, պոլիֆոնիկ, ձևակառուցվածքային և գեղարվեստական կատարողական կարողությունները։
Կատարողական ծրագիր․ մեկ պոլիֆոնիկ ստեղծագործություն (օրինակ՝ երկձայն ինվենցիա կամ պոլիֆոնիկ պիես), մեկ խոշոր ձևի ստեղծագործություն (սոնատինայի կամ սոնատի մաս, վարիացիաներ), մեկ էտյուդ և մեկ տարաբնույթ գեղարվեստական պիես։ Ծրագիրը կատարվում է անգիր։
Տեխնիկական պահանջ․ մաժոր և մինոր գամմաներ՝ մինչև 2 նշանով, երկու օկտավայի սահմաններում, համապատասխան արպեջիո՝ դիմորդի ընտրությամբ։ Տեխնիկական առաջադրանքը ստուգվում է կատարման քննության շրջանակում։
Գնահատման բաղադրիչներ․ նոտային տեքստի և ռիթմի ճշտություն՝ 5, տեխնիկական հմտություններ՝ 5, հնչյունային մշակույթ՝ 5, ոճ և արտահայտչականություն՝ 5 միավոր։ Ընդամենը՝ 20 միավոր։
Կազմակերպչական պայմաններ․ Նախընտրելի տևողություն՝ մինչև 20 րոպե։ Գործիքը տրամադրում է քոլեջը։
Լարային գործիքներ
Գործիքներ․ ջութակ, ալտ, թավջութակ, կոնտրաբաս, կիթառ։
Նպատակ․ գնահատել ինտոնացիան, աղեղնային/մատնային տեխնիկան և երաժշտական կատարումը։
Կատարողական ծրագիր
Ջութակ, ալտ, թավջութակ, կոնտրաբաս, կիթառ․ մեկ գամմա և արպեջիո՝ գործիքի տեխնիկական հնարավորություններին համապատասխան, մեկ էտյուդ, մեկ խոշոր ձևի ստեղծագործություն կամ դրա մաս և մեկ հակադիր բնույթի պիես։ Նվագախմբային գործիքների տեխնիկական պահանջները կիրառվում են ըստ կոնկրետ գործիքի։
Գնահատման բաղադրիչներ․ ինտոնացիոն ճշտություն՝ 6, ռիթմ և տեքստ՝ 4, տեխնիկական պատրաստվածություն՝ 5, երաժշտական արտահայտչականություն՝ 5 միավոր։ Ընդամենը՝ 20 միավոր։
Կազմակերպչական պայմաններ․ Մինչև 20 րոպե։ Նվագակցությունը կազմակերպվում է նախապես հրապարակված կարգով։
Փողային և հարվածային գործիքներ
Միասնական բաժնի շրջանակում գործիքային ծրագրի կատարման առաջադրանքները տարբերակվում են ըստ փողային և հարվածային գործիքների առանձնահատկությունների։
Փողային գործիքներ՝ ֆլեյտա, կլարնետ, հոբոյ,սաքսոֆոն, տրոմբոն, գալարափող, շեփոր, տուբա, քսիլոֆոն, թմբուկ մասնագիտացումներ, հարվածային գործիքներ՝ քսիլոֆոն, թմբուկ մասնագիտացումներ։
Կատարողական ծրագիր
Փողային գործիքներ․ մեկ գամմա և արպեջիո՝ ըստ գործիքի, մեկ տեխնիկական էտյուդ, երկու տարաբնույթ պիես կամ մեկ խոշոր ստեղծագործության մաս և մեկ պիես։ Հարվածային գործիքներ․ ռիթմական պատկերների կատարում 2/4, 3/4, 4/4 չափերով, մեկ տեխնիկական վարժություն (օրինակ՝ ռուդիմենտներ) և մեկ նախապատրաստված ստեղծագործություն՝ հայտարարված գործիքի վրա։
Փողային գործիքների գնահատման բաղադրիչներ․ շնչառություն և հնչյունի որակ՝ 5, ինտոնացիա՝ 5, արտիկուլյացիա և տեխնիկա՝ 5, ռիթմ և արտահայտչականություն՝ 5 միավոր։ Ընդամենը՝ 20 միավոր։
Հարվածային գործիքների գնահատման բաղադրիչներ․ ռիթմ՝ 6, տեխնիկա՝ 6, կոորդինացիա՝ 4, կատարողականություն՝ 4 միավոր։ Ընդամենը՝ 20 միավոր։
Կազմակերպչական պայմաններ․ մեկ միասնական «Փողային և հարվածային գործիքներ» բաժին, սակայն կատարման առաջադրանքներն ու գնահատման չափանիշները տարբերակվում են ըստ գործիքի։ Մինչև 20 րոպե։ Գործիքների և նվագակցության առկայությունը հստակեցվում է քննությունից առաջ։ Երկու ենթախմբերի համար երկրորդ քննությունը «Սոլֆեջո՝ II մակարդակ» է։ Փողայինների գնահատումը՝ շնչառություն/հնչյուն, ինտոնացիա, արտիկուլյացիա/տեխնիկա, ռիթմ/արտահայտչականություն (յուրաքանչյուրը՝ 5 միավոր)։ Հարվածայինների գնահատումը՝ ռիթմ՝ 6, տեխնիկա՝ 6, կոորդինացիա՝ 4, կատարողականություն՝ 4 միավոր։
Ժողովրդական գործիքներ
Գործող մասնագիտացումներ․ քանոն, թառ, քամանչա, դուդուկ, շվի և այլ գործող մասնագիտացումներ։
Նպատակ․ ստուգել գործիքային տեխնիկան, ազգային կատարողական ոճը և երաժշտականությունը։
Կատարողական ծրագիր․ քանոն, թառ, քամանչա, ուդ, սանթուր, դուդուկ, շվի, դհոլ ժողովրդական գործիքներ․ մեկ հայկական ժողովրդական մեղեդի կամ պարեղանակ, մեկ հեղինակային կամ մշակված ստեղծագործություն և մեկ տեխնիկական առաջադրանք։ Լարային գործիքների համար՝ գամմա կամ էտյուդ, փողային ժողովրդական գործիքների համար՝ հնչյունային, շնչառական կամ արտիկուլյացիոն վարժություն։
Գնահատման բաղադրիչներ․ գործիքի տիրապետում՝ 5, ինտոնացիա և ռիթմ՝ 5, ազգային ոճի ընկալում՝ 5, արտահայտչականություն՝ 5 միավոր։ Ընդամենը՝ 20 միավոր։
Հարվածային գործիքների գնահատման բաղադրիչներ․ ռիթմ՝ 6, տեխնիկա՝ 6, կոորդինացիա՝ 4, կատարողականություն՝ 4 միավոր։ Ընդամենը՝ 20 միավոր։
Կազմակերպչական պայմաններ․ Մինչև 20 րոպե։ Գործիքների կոնկրետ ցանկը պետք է համապատասխանի հայտարարված ընդունելությանը։
Սոլֆեջո՝ II մակարդակ
Նպատակ․ ստուգել նախնական երաժշտական կրթություն ունեցող դիմորդի պատրաստվածությունը։
Գրավոր մաս
Միաձայն երաժշտական թելադրություն՝ 8 տակտ, 2/4, 3/4 կամ 4/4 չափ, մաժոր կամ մինոր՝ մինչև բանալու 4 նշան։ Մեղեդին հնչեցվում է 10-12 անգամ։ Թելադրությունը պետք է ներառի խրոմատիզմ, տարբեր ռիթմիկ պատկերներ՝ տրիոլ, սինկոպա, կետգծային ռիթմ, 16-րդականներ։
Բանավոր մաս
Տեսական գիտելիքների ստուգում․
- նոտագրություն, նշաններ, հնչյունների տառային և վանկային անուններ, օկտավաների անվանումներ, բանալիներ (սոլ, ֆա),
- մետր, ռիթմ, չափ, տեմպ,
- լադ տոնայնություն (զուգահեռ, համանուն, մաժոր և մինոր տեսակներով), գամմա հասկացությունների բնորոշումը, տոնայնությունների կվինտային շրջան, քրոմատիկ մաժոր և մինոր գամմաներ,
- պարզ ինտերվալներ (մաքուր, մեծ, փոքր, մեծացրած, փոքրացրած, դիսոնանս, կոնսոնանս)։ Կառուցել ինտերվալներ հնչյունից և տոնայնության մեջ։
- ակորդ՝ եռահնչյուն (մաժոր, մինոր, մեծացված և փոքրացված), շրջվածքներ։ Սեպտակորդ՝ դոմինանտ սեպտակորդ և շրջվածքներ, նրանց լուծումները տոնայնության մեջ և հնչյունից,
- թերթից երգեցողություն (8 տակտ՝ մինև բանալու 2 նշան ունեցող տոնայնությունում՝ պարզ ռիթմիկ պատկերով),
- լսողական վարժություններ՝ տարբերել ինտերվալներ, ակորդներ, լադեր։
Գնահատման բաղադրիչներ․ երաժշտական թելադրություն՝ 6, ընթերցում թերթից՝ 5, լսողական ճանաչում՝ 5, տեսական գիտելիքներ՝ 4 միավոր։ Ընդամենը՝ 20 միավոր։
Քննության ձևը՝ գրավոր (երաժշտական թելադրություն) և բանավոր։ Ընդհանուր տևողությունը՝ մինչև 45 րոպե։ Գրավոր և բանավոր բաղադրիչները կազմում են մեկ՝ 20 միավորանոց «Սոլֆեջո՝ II մակարդակ» քննություն։
Կազմակերպչական և հրապարակման պայմաններ
Քննության յուրաքանչյուր տեսակի առաջադրանքները, գնահատման չափանիշները և առավելագույն միավորները հրապարակվում են նույն փաստաթղթով։ Գործիքների ցանկը համապատասխանում է տվյալ տարվա ընդունելության հայտարարությանը։
Յուրաքանչյուր քննության արդյունքը արձանագրվում է առանձին՝ 20 միավորանոց համակարգով։ Քննությունների գնահատականների հաշվարկն ու մրցութային կիրառումը կատարվում են գործող ընդունելության կարգով։
«Սոլֆեջո՝ I և II մակարդակ» քննությունների առաջադրանքները կազմվում են սույն փաստաթղթում նշված սահմաններում։
Գործիքային ծրագրերի ընտրությունը, անգիր կատարումը և նվագակցության պայմանները որոշվում են համապատասխան մասնագիտացման հրապարակված պահանջներով։
Գեղանկարչության քննությունների ցուցադրվող առարկաները տրամադրվում են քոլեջի կողմից, իսկ նկարչական նյութերը՝ դիմորդի կողմից՝ սույն փաստաթղթով սահմանված կարգով։
Պարային քննությունների ժամանակ պարտադիր է քննությանը ներկայանալ մեկ ժամ շուտ՝ պարային համազգեստով, մասիկներով, վարսերը՝ հավաքած,առանց զարդերի։
Քննությունների անցկացման օրերը, ժամերը, լսարանները, անձը հաստատող փաստաթղթերի և բողոքարկման ընթացակարգը հրապարակվում են ընդունելության առանձին հայտարարությամբ՝ գործող կարգին համապատասխան։
Սույն պայմանները հաստատվում են քոլեջի սահմանված ընթացակարգով և հրապարակվում պաշտոնական կայքում՝ ընդունելության համապատասխան ուսումնական տարվանից ոչ ուշ, քան մեկ տարի առաջ։